Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանի Հանրապետությունը կապված են շուրջ 3 տասնյակ համաձայնագրերով և փոխըմբռնման հուշագրերով։ Երկու երկրները 2016թ. ստորագրել են «Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը», որն ուժի մեջ է մտել 2017թ․-ի նոյեմբերի 12-ին։ Հետագայում առևտրատնտեսական և ներդրումային հարաբերություններն ականատես են եղել զգալի աճի, որի արդյունքում 2023 թվականին ԱՄԷ-ն զբաղեցրել է ՀՀ առևտրային գործընկերների շարքում երկրորդ հորիզոնականը։ Երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2023թ․-ին հասել է մոտ 2,85 միլիարդ դոլարի(ըստ արտահանող երկրի), իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատել է 2 մլրդ դոլարի շեմը՝ արտացոլելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների կայուն աճը։
Բացի այդ, ԱՄԷ ներդրումները գլխավորել են Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցանկը։ Երկու երկրների միջև ներդրումային համագործակցության կարևորագույն ոլորտներն են էներգետիկան, ներմուծումը, մանրածախ առևտուրը, ավիացիան և գյուղատնտեսությունը։ Հայկական շուկայում գործում են մի շարք էմիրաթական ազգային ընկերություներ, որոնցից են Ֆլայ Դուբայը, Էյր արաբիան, Քարֆուրը, BMW-ն և Լիվս Գարդենը։
2023թ․-ին Կլիմայական 28-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Կիբերանվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացման նպատակով։
Հայաստանն իր հնագույն պատմամշակութային ժառանգությունով և քաղաքակրթությամբ, հարուստ բնաշխարհով, տեսարժան վայրերով և խոհանոցով ԱՄԷ զբոսաշրջիկների համար հանդիսանում է նախընտրելի ուղղություն, ինչի մասին է վկայում էմիրաթցի զբոսաշրջիկների հոսքի շարունակական աճը դեպի Հայաստան։ 2023թ-ին ՀՀ այցելած ԱՄԷ զբոսաշրջիկնիերի թիվը հասել է 7 615-ի։
2024թ․-ի մայիսի 21-ին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱՄԷ-ՀՀ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ԱՄԷ պետնախարար Ն․Գ․ Ահմադ Ալ-Սայեղի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանի նախագահությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների կառավարության տարբեր պաշտոնյաներ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական առաջնահերթ ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները։